«Իրատես de facto»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ:
-Ձեր կարծիքով` քաղաքական դաշտում քաղաքական ուժերի հիերարխիկ պատկեր, ի վերջո, ստացվե՞ց, թե՞ դեռ որոնվում է:
-2013-ի հետընտրական զարգացումներից հետո քաղաքական ուժերը մարգինալացվել էին, քաղաքական դաշտը իրենով լցրել էր քաղաքացիական հասարակությունը, տարեվերջին կուտակային կենսաթոշակային համակարգը քաղաքական ուժերի համար վերադարձի փրկօղակ դարձավ: Ստագնացիայի վիճակն այսօր էլ կա, գորդյան հանգույց է ստեղծվել, արատավոր շրջան, որից քաղաքական ուժերը չեն կարողանում դուրս գալ:
-Չե՞ն կարողանում, թե՞ չեն ցանկանում:
-Անշուշտ, նաև չեն ցանկանում, կոնֆորմիզմի պահը կա: Դիրքերն այնքան երերուն են, էլեկտորալ հիմքերն այնքան տարտղնված, որ վախենում են որևէ փոփոխության գնալ, գիտակցելով, որ դա կարող է ավելի վատթարացնել վիճակը: Հատկապես, որ կա 2013-ի փորձը, երբ դաշտում միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր մինչև տարեկես: Գուցե կան նաև ֆինանսական նկատառումներ` հարմարվել են, սնուցման որոշակի աղբյուրներ ապահովելով: Բայց առաջին հերթին` իսկապես չկա ցանկություն, ճգնաժամի նշաններ կան: Քաղաքացիական հասարակության մեջ էլ ակտիվություն կա, պայքարող մարդիկ կան, բայց ամեն ինչ հատվածական է: Որքան բեկորված է քաղաքական դաշտը, նույնքան բեկորված է քաղաքացիական հասարակությունը:
-Դա հմտորեն կառավարվո՞ւմ է, թե՞ չկառավարվելու հետևանք է:
-Իհարկե, քաղաքական ուժերը շատ կցանկանային կառավարել, բայց սահմանափակ հնարավորություններ ունեն: Քաղաքացիական հասարակությունը միշտ է թույլ եղել, թեպետ մի շարք հաջողություններ է արձանագրել: Քաղաքական ու քաղաքացիական թևերի միջև էլ անվստահություն կա: Օրինակ, Սահմանադրական դատարանի որոշումից հետո քաղաքացիականները նեղվել էին, որ քաղաքականները հաղթանակի դրոշն իրենց կողմն են քաշում, քաղաքականները մարգինալացումից դուրս էին եկել ու թվում էր` ուրիշ խնդիր պիտի լուծեն: Քառյակի 12 կետերը և հատկապես քաղաքացիական շարժումների խնդիրների առաջադրումը վկայեցին քաղաքական համակարգի ու առաջին հերթին քառյակի թուլությունը: Ակնհայտորեն հույսները դրել են, որ քաղաքացիական շարժումներն ինչ-որ խնդիրներ առաջ կտանեն, կանցնի ամառը, աշնանը կտեսնեն` ինչ անել: Բոլոր կողմերի համար էլ փակուղիներ կան, քաղաքացիականները փորձ չունեն, ինքնաբուխ տարրերը շատ են, բայց պակասում է ռազմավարությունը, քաղաքականներն ուզում են այդ ամենը վերահսկել, բայց չեն կարողանում, ու պատնեշը նրանց միջև մնում է:
-Քառյակի 12 կետերն ադեկվա՞տ էին այսօրվա քաղաքական օրակարգին:
-Ընդհանրապես ադեկվատ չէին երկրի քաղաքական օրակարգին: Բացի նրանից, որ չէին արտացոլում ներքին մարտահրավերներն ու ներքին օրակարգը, պարզ դարձավ, որ բաժանող հարցերն ավելի շատ են, քան միավորողները: Նրանց խոցելիությունն է վկայում իրենց իսկ հայտարարությունը, որ եթե արտաքին քաղաքական խնդիրներ դնեն, իրենք կբաժանվեն, իսկ այսօր ոչ պակաս ծանր են երկրի արտաքին մարտահրավերները:
-Արտաքին մարտահրավերները չե՞ն պայմանավորում ներքինը:
-Ես առիթ ունեցել եմ հիմնավորելու, որ էլեկտրաէներգիայի նոր թանկացումը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններում բարդություններով: Աստանայից առաջ Կրեմլի փորձագետները հայտարարել էին, որ ԵՏՄ-ից նահանջի դեպքում կվերանայվեն Հայաստանին տրված արտոնությունները գազի և էլեկտրաէներգիայի հարցում: Խնդրի մի կեսի` միայն ներքին հարցերի դիտարկումը քառյակին ճանապարհից շեղում է, խնդիրը ամբողջությամբ չի դիտվում: Առավել ևս` քառյակում կան ուժեր, որ դեմ չեն Հայաստանի եվրասիական ինտեգրմանը. ՀԱԿ-ի առաջնորդը հայտարարել է, որ դա անդառնալի փաստ է, ԲՀԿ-ն դեռ պաշտոնական որևէ դիրքորոշում չի հայտնել, ՀՅԴ-ն դնում է Ղարաբաղի խնդիրը` անդամակցության հետ կապված, «Ժառանգությունը» հայտարարում է, որ դեմ է միությանը:
-Բայց քայլերից դատելով, դե՞մ է:
-Քառյակի վերջին կետը, որ վերաբերում է ՄՄ-ին, ինչ-որ չափով խեղում է կուսակցության դիրքորոշումը, որ կատեգորիկ ու հստակ էր Աստանայից հետո` դուրս գալ գործընթացից, բայց քառյակի 12 կետերում չի ասվում` դուրս գալ կամ դադարեցնել, ընդամենը ասվում է` կա այս խնդիրը:
-Ինչո՞ւ Հայաստանի իշխանական ու ոչիշխանական ուժերը ռուսական դաշտից դուրս որևէ քաղաքական նպատակ իրենց համար չեն տեսնում:
-Ցավոք, Հայաստանի քաղաքական համակարգում արմատավորված է այն մտայնությունը, որ եթե ուզում ես գալ իշխանության, առանց Ռուսաստանի չես կարող: 2011-2012-ից ռուսական կողմը չափազանց ինտենսիվ աշխատում էր քաղաքական դաշտի հետ` խորհրդարանական, կուսակցական, միջկուսակցական ձևաչափերում: Այդ շրջանում ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն գործընկերային լուրջ կապեր հաստատեցին «Միասնական Ռուսաստանի» հետ: 2012-ին ձևավորված խորհրդարանում նկատելի է ռուսական տարրի, ռուսական կողմնորոշման ավելացումը բոլոր խմբակցություններում: Եթե համեմատեք նախորդ գումարման ԱԺ-ի հետ, որն ինտելեկտով այնքան էլ չէր փայլում, որակով ավելի առաջ էր` չափազանց լուրջ դերակատարություն ստանձնելով Հայաստանի եվրաինտեգրման հարցում: Հիմա միանգամայն հակառակն է` ԱԺ-ն մխրճվել է Հայաստանը դեպի ՄՄ տանող գործընթացներում, այդ թվում` ընդդիմությունը: Պատճառները տարբեր են: Նախկինում ես շատ հետաքրքրված էի Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքով: Ժամանակի հետ, Վիկիլիքսի հրապարակումներից հետո հատկապես պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն ավելի շատ ռուսական դաշտում է, քան ընկալվում է: ԲՀԿ-ի դեպքում տնտեսական կապերն են դեր խաղում և Ռոբերտ Քոչարյանի անձը, ով նույնպես կապված է ռուսական դաշտին: ՀՅԴ-ի պարագան մի քիչ ավելի բարդ է, որովհետև կուսակցությունը բարդ կառուցվածք ունի, ազդեցության դաշտերն ավելի մեծաքանակ են, բայց նրանք էլ հիմնական խնդիրներում Քոչարյանի պլատֆորմին համահունչ են տեսնում իրավիճակը: «Ժառանգությունը», ֆորմալ առումով, հայտարարություններով դիրքավորվում է որպես Արևմուտքի հետ հարաբերություններում շահագրգիռ քաղաքական ուժ, բայց քաղաքական վեկտորը փոխվում է, երբ «Ժառանգությունը» դիտարկվում է քառյակի մեջ: Արդյունքում ստացվում է միջանկյալ վեկտոր` ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ:
-Նույն դիրքում չէ՞ նաև ՕԵԿ-ը:
-Վերջին տարիներին ՕԵԿ նախագահի Անվտանգության խորհրդի նախագահ լինելու հանգամանքը լրացրեց կուսակցության ռուսական կապերը, և պիտի հաստատեմ, որ ՕԵԿ-ն էլ «ոչ այստեղ, ո՛չ այնտեղ» վիճակում է: Մինչև վերջ չհասկացված մնաց կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը, թվարկված հիմնավորումները և պրակտիկ գործունեությունը տարբեր հարթություններում են, և այս կտրվածքով, երևի թե, ՕԵԿ-ի քայլն ավելի շատ ուղղված էր առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ դիրքավորվելուն, քան միջկոալիցիոն տարաձայնություններին: Չեմ ժխտում, որ ՕԵԿ-ը կառավարության ձևավորման հետ կապված կարող էր խնդիրներ ունենալ, վերջին հաշվով` ուզեր, թե չուզեր դառնում էր ամեն ինչի համար պատասխանատու, իսկ կուսակցությունը ոչինչ չէր շահում: Ե՛վ խորհրդարանական ընտրությունները, և՛ հատկապես Երևանի ավագանու ընտրություններն առավել քան մտահոգիչ պիտի լինեին ՕԵԿ-ի համար: Լինել իշխանության մեջ, ունենալ լծակներ և Երևանում չհաղթահարել պատնեշը, նշանակում է կուսակցության ռազմավարությունը վերանայել է պետք: Թերևս առաջին դասերից մեկն էր` վերանայել կուրսը, ինչո՞ւ չունենալով լծակներ ու ձեռքբերումներ, պատասխանատվություն կրել Հովիկ Աբրահամյանի օլիգարխիկ կառավարության համար:
-Քառյակն ինչո՞ւ հնգյակ չի դառնում, փաստորեն ռազմավարական ու մարտավարական տարաձայնություններ չկան:
-Խնդիրը պետք է փնտրել առաջնորդների անձնական հարաբերությունների դաշտում:
-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարո՞ղ է դառնալ միավորիչ ոչիշխանական ուժերի համար:
-Ճիշտ հակառակը: Նույնիսկ ԲՀԿ-ի ու «Ժառանգության», որ երկար տարիներ եղել են խորհրդարանական կառավարման կողմնակից, մերժումը բովանդակային չէ, բոլորը հարկ են համարում ասել, որ կողմ են խորհրդարանական կառավարմանը, բայց չեն ուզում, որ դա անի իշխանությունը: Արդեն չեմ ասում, որ ՀՅԴ-ն բացահայտորեն ներգրավվեց այդ գործընթացում և չի թաքցնում, որ կիսում է իշխանության տեսակետը` համակարգային փոփոխության ձևերից մեկը կառավարման ձևի փոփոխությունն է: Առավել ևս համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ իշխանությանն անվստահություն հայտնելու հանրաքվե: Մեր հասարակությունը Սահմանադրության հետ արժեքային լուրջ կապվածություն չունի, լավագույն դեպքում կարող է չմասնակցել, ինչպես 2005-ին, բայց ընդդիմությունն էլ հանրաքվեն բոյկոտելը քաղաքական կապիտալի վերածելու որևէ գործիք չունի, հետևաբար դա հազիվ թե դառնա ընդդիմության կոնսոլիդացման գործոն:
-Հետևաբար, Սահմանադրության բարեփոխումը դառնում է իշխանության ինքնավերարտադրման միջո՞ց:
-Տեսանելին նախապատրաստությունն է 2017-2018 թթ. ընտրություններին, բոլորը համատարած այդ խնդիրն են լուծում, որևէ այլ գործընթացի պատրաստության ո՛չ նշան կա, ո՛չ ցանկություն: Թերևս ԲՀԿ-ի թե՛ քաղաքական դիրքավորումը, թե՛ հռետորաբանությունը թարգմանվում է` փոխանցեք մեզ իշխանությունը 2017-2018 թթ., դա կլինի սահուն իշխանափոխություն, ու ԲՀԿ-ն կդառնա իրավահաջորդ: Քառյակը և քառյակի շուրջ կոնսոլիդացիան այս կտրվածքով ընդամենը իշխանությանը սարսափեցնելու հնարք է` մենք կտեղափոխվենք արմատական ընդդիմության դաշտ, եթե մեր պահանջը չբավարարեք:
-Իշխանությունն ի՞նչ ունի վախենալու:
-Ի տարբերություն շատերի, ես չեմ կարծում, որ իշխանությունը վախեցած է, ինչպես ընդդիմությունը փորձում է ներկայացնել: Հակառակը, այս ամիսների պահվածքը վկայում է իշխանության ինքնավստահությունը, հավելեք որոշ ներկայացուցիչների ցինիկ վարքագիծը, որ երբեք չի եղել կրիտիկական պահերին: Թեպետ այնպես չէ, որ իշխանությունը վախենալու ոչինչ չունի:
-Իշխանության վախը ոչ թե ներսից, այլ դրսից չէ՞:
-Իշխանությունը վախենում է ոչ թե ընդդիմությունից, այլ քաղաքացիական անվերահսկելի շարժումներից, որ հրահրվել կարող են դրսից: Իշխանությանը չափազանց ձեռնտու է, որ քառյակը գլխանոցի պես դրվում է այդ շարժման գլխին, որովհետև քառյակի ուժերը տարիներ շարունակ եղել են հեղափոխությունը խեղդող միջոց, ոչ թե ուղղորդող ու առաջնորդող:
-ՀՀ շարքային քաղաքացու համար ի՞նչ տարբերություն` ՀՀԿ՞-ն է իշխանություն, թե՞ ԲՀԿ-ն, «հաղթական գնացքը» Մելիք-Ադամյանո՞վ կանցնի, թե՞ Իսակովի պողոտայով:
-Կարևոր է հասարակության ինչ-որ մասի համար, որ հավատում է, թե շատ խնդիրներ պայմանավորված են անձերով ու անձերի որակով: Հասարակության մեծ հատված ադեկվատ գնահատական է տալիս, որ մենք համակարգային ճգնաժամի մեջ ենք, և այդ առումով գործող իշխանություններից որևէ ուժ կարող է չտարբերվել: Նաև դա է պատճառներից մեկը, թե ինչու հասարակությունը չի հավատում հեղափոխության ու ժամանակ առ ժամանակ հնչող ըմբստության կոչերին, հասկանալով, որ անձերի փոփոխությունն առանձնապես հարց չի լուծում:
-Հայաստանում արդեն քանի տարի խոսվում է, որ կա քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտություն, դա ընդունում են թե՛ իշխանությունը, թե՛ ոչիշխանությունը, ինչո՞ւ նոր էլիտա չի ձևավորվում, առավել ևս քաղաքացիական ակտիվության պարագայում: Գաղափարի՞ պակասություն է, ֆինանսների՞, առաջնորդի՞:
-Այս շրջանում տեսանելի է ռազմավարական մտքի դեֆիցիտը, կոնկրետ գաղափարի, առարկայական ծրագրի: Քաղաքական դաշտում քաղաքականության ձևական, PR ասպեկտը գերիշխում է բովանդակությանը` ավելի շատ ստեղծել երևութականություն, քան երևույթ լինել, գլորվել, կպչել ինչ-որ տեղ ու ձևացնել, թե ինքն է գեներացրել, չեղած տեղը հորինել արդյունք և ինքնամեծարվել` սա քաղաքական ուժերի ձախողման պատճառներից է:
-Նկատի ունեք Տիգրան Սարգսյանի հրաժարակա՞նը:
-Ոչ միայն, դա ամենավառ օրինակն է: Քաղաքացին կարող է ինչ-որ ժամանակ հրապուրվել քաղաքական դաշտի պիրոտեխնիկայով, բայց մարդիկ քաղաքականությունից արդյունք են սպասում, ո՛չ տպավորություններ:
-Ի՞նչ է պետք, որ քաղաքական ուժերը դուրս գան դաշտագլորի կարգավիճակից ու կարևորեն արդյունքը:
-Միանշանակ է, որ ընդդիմությունը թերագնահատում է իշխանությանը: Հնչող հայտարարությունները, թե ռեժիմը խուճապի մեջ է, ստիպված է հեռանալ և այլն, և այլն, ավելին չեն, քան պատրանք ստեղծելը, որը տեսանելի է դարձնում, որ ընդդիմությունը ռազմավարական մտքի առումով զիջում է իշխանությանը, և հասարակությունը բնազդով դա զգում է: Պատահական չէ, որ քառյակն իր 12 կետերը հրապարակելու շրջանում ամենացածր հասարակական աջակցությունն ունի:
-Ինչի՞ հիման վրա են աշնանը խոստանում աշխարհացունց հանրահավաք:
-Տասներկու կետերում կան խնդիրներ, որոնք այս կամ այն ձևով լուծումներ ստանալու են, և կարող են ասել` մենք պահանջել էինք, որ տրանսպորտի գինը չբարձրանա, և իշխանությունը վախեցավ ու չբարձրացրեց, հետևաբար խնդիրը դուրս եկավ:
-Բայց գինը կբարձրանա, չէ՞:
-Ոչ:
-Բայց էլեկտրաէներգիայի գինը բարձրացավ:
-Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը 12 կետերում չկա:
-Դա չի՞ նշանակում, որ 12 կետերը համաձայնեցված են իշխանության հետ:
-Ես վստահ եմ, որ այդ կետերի մեծ մասը իշխանության փաթեթից է, ինչպե՞ս եք բացատրում գյուղմթերքների արտադրության ծավալի մեծացումը:
-Վերջապես կայացա՞վ ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը:
-Դա համագործակցություն չէ, ավելի շատ գործարքի տպավորություն է թողնում: Ես դեմ չեմ իշխանության և ընդդիմության հրապարակային և հասարակության կողմից ողջունված համագործակցությանը, որը արդյունքներ է տալիս: Բայց երբ ամեն ինչ արվում է թատերական կանոններով, և տպավորություն է ստեղծվում, թե մենք ոչ մի կապ չունենք ո՛չ որևէ մեկի հետ, ո՛չ երկրորդ նախագահի հետ, որը, չգիտես ինչու, համաձայն է մեզ հետ, նախկինում էլ համաձայն էր, երբ նախորդ կառավարության վարչապետին էինք քննադատում, հասարակությունը հիմար չէ, և՛ տեսնում է, և՛ զգում, և՛ հասկանում, թե որ գաղափարի տակ ինչ կա, որ խոսքի հետևում ով է: Հասարակությունը կգնա ընդդիմության հետևից, եթե զգա, որ ընդդիմությունն ավելի խելոք է ու առաջադիմական իր գաղափարներով ու ծրագրերով։ Հիմա հասարակությունը այդ ուժը չի տեսնում:
-2017-2018 թթ. այդ առաջադիմական ուժը ձևավորված կլինի՞, որ կարող է փոփոխություններ անել, կա՞ այդ հումքը:
-Հումքը կա, բայց կան և բազմաթիվ խանգարող գործոններ: Ընդդիմությունը բացարձակ ասիմետրիկ վիճակում է իշխանության հետ բոլոր առումներով` սկսած ռեսուրսներից, խաղի կանոնների անհավասարությունից, չափազանց լուրջ հակակշիռ է պետք ասիմետրիան կրճատելու համար, որը կարող է լինել դրսի գործոնը: Այս պահին Եվրոպայի և Հայաստանի հարաբերություններն անորոշության մեջ են:
-Ինչո՞ւ է Եվրոպան սպասում Հայաստանին, ինչո՞ւ ինքն առաջին քայլը չի անում:
-Եվրոպան այստեղ մեծ փողեր չի ծախսի, այդ թվում` քաղաքական համակարգի ու քաղաքացիական հասարակության վրա, եթե վստահ չլինի, որ այդ ամենը մեկ րոպեում չի փոշիանա, երբ Ռուսաստանը որոշի ներխուժել բոլոր ոլորտները: Նրանց պահանջն է` հստակեցրեք այն ոլորտները, որտեղ մաքսայինը մտնելու է, և այն ոլորտները, որոնք անձեռնմխելի են մնալու: Տնտեսական այս վիճակում, քաղաքական դաշտի ռուսամետ դիրքավորման այս կոնֆիգուրացիայում ակնհայտ է, որ Եվրոպան հեռանկար չի տեսնում:
-Հայաստանը կարող է իր քաղաքական ու տնտեսական անկախությունը վերականգնել, եթե արձագանքի Իրանի առաջարկներին։ Ինչո՞ւ է լռում:
-Իշխանությունը նման հարցերն ինքնուրույն չի լուծում: Հայաստանի առաջ կոնկրետ խնդիր է դրված` «ընկերություն չանել» Ռուսաստանի հակառակորդների ու մրցակիցների հետ: Իրանը Հարավային Կովկասում Ռուսաստանի համար լուրջ մրցակից է, չափազանց տեսանելի է Իրանի չկամությունը` իր «քթի տակ» Մաքսային միության սահմաններ ունենալու հարցում: Հայաստանի համար ամեն մի ճգնաժամային պահի Իրանը հանդես է գալիս շահավետ առաջարկներով` էժան գազ, գազամուղ, ու երկաթգիծ, բայց Հայաստանը չի կարողանում Ռուսաստանին պարտադրել խաղի հավասար կանոններ:
-Բելառուսն ինչպե՞ս է համագործակցում Ռուսաստանի համար ոչ պակաս մրցակից Չինաստանի հետ:
-Հայաստանը չգիտի իր գինն ու արժեքը: Հայաստանին թվում է, թե ինքը ոչ մեկին պիտանի չէ, գլխացավանք է բոլորի համար: Հայաստանը չի հասկանում, որ իր ռազմավարական դիրքը, բոլոր բարդություններով հանդերձ, իր քաղաքական ակտիվներից մեկն է, և այնպես չէ, որ ինքը բացարձակ կախված է Ռուսաստանից: Հայաստանն է Ռուսաստանի համար պահում Հարավային Կովկասը, ու քանի դեռ քաղաքական էլիտայի շրջանում այս գիտակցումը չկա, քանի դեռ նրանք իրենց համարում են արժեք չունեցող տարածք, ոչ ադեկվատ են լինելու հետևություններն ու քաղաքական քայլերը: Հավելեք, որ մենք համաձայնել ենք ՌԴ-ի հակառակորդների հետ ընկերություն չանել: ՌԴ արտգործնախարարի այցից առաջ փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը նշանակում էր` ոչ միայն քաղաքական համագործակցություն մի ունեցեք Եվրոպայի հետ, այլև տնտեսական:
-Ինչո՞ւ Ռուսաստանը չի մտածում պահել Հայաստանը, ինչպես պահում է Բելառուսը, պահում էր ՈՒկրաինան:
-Հենց այդ պատճառով էլ պատրվակներ է գտնում: Ոչ միայն Ադրբեջանի խնդիրը կա, որ ասում է` Հայաստանին պետք չէ ԵՏՄ ընդունել, այլև կան մյուս երկրները` Բելառուսն ու Ղազախստանը, որ ասում են` Հայաստանը լինելու է ոչ թե ներդրող, այլ սպառող: Ապրիլի 29-ին եռյակի նիստում Բելառուսը բացահայտ ասել է` եթե որևէ մեկը միանում է մեզ, ինչ-որ բան պիտի տա, մենք պիտի օգուտ ունենանք: Ռուսաստանը գիտակցում է, որ Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանը պահելը բացարձակապես թողնում են իր վրա, իսկ ինքը ոչ միայն հնարավորություններ չունի, այլև ցանկություն:
-Շունը դեզի վրա` ոչ ես կուտեմ, ոչ կթողնեմ ուրիշները մոտ գան:
-Մասամբ` այո: Ռուսաստանը գիտի` որքան Հայաստանն անորոշության մեջ մնա, այնքան Եվրոպան չի կարողանա վերագործարկել իր հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ որքան այդ հեռանկարներն են անորոշանում Ադրբեջանի սպառնալիքների պարագայում, ավելի են մեծանում Հայաստանի վախերը: Իսկ Ռուսաստանը դա կառավարելու ու իրենից կախվածության վերածելու մեծ փորձ ունի:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ